«Կուտեն իմն էլ, Զարուհունն էլ». բորբոքված ցուցարարներին տուն ուղարկեցին՝ ասելով, որ նյութերը փոխանցել են ԱԱԾ-ին. ակցիան ավարտվեց
Քաղաքապետարանի դիմաց Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով մի խումբ ակտիվիստների հետ քաղաքետարանի մուտքը փակել են նաև կառավարության անօրինական որոշումներից տուժած բնակիչները: Այստեղ էին Հյուսիսային պողոտայի, Բյուզանդի ու Արամի փողոցների տների բնակիչները, ովքեր իրենց քանդված տների համար կառավարությունից դեռևս պատշաճ փոխհատուցում չեն ստացել:
Բնակչուհիներից մեկը գոռում էր քաղաքապետարանի դիմաց ու վրդովված պատմում, թե ինքն արդեն քանի տարի անօթևան է, մինչդեռ քաղաքապետն ու նրա նման թալանչի ղեկավարներն այսօր ունեցվածքի տեր են:
Քանի որ կինը շատ բարձր էր գոռում և անընդհատ վիրավորանքներ էր հնչեցնում, նրան հորդորեցին փոքր-ինչ ավելի հանգիստ լինել, սակայն կինը շարունակում էր գոռալ: Հավաքվածներից մեկը կնոջը զգուշացրեց. «Վիրավորական բառեր մի հնչեցրու՝ կբռնեն», ինչին արձագանքելով՝ կինն ասաց. «Կուտեն իմն էլ, Զարուհունն էլ (նկատի ունի «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին-խմբ.)... իրենք թալանել են, ի՞նձ են բռնելու...»:
Այս միջադեպից րոպեներ անց քաղաքացիները դադարեցին բողոքի ակցիան և հեռացրեցին արգելաձողերը քաղաքապետարանի մուտքի մոտից: Քաղաքապետարանից նրանց մինչ այդ հայտնել էին, որ հավաքված նյութերը ոստիկանությունը կփոխանցի Ազգային անվտանգության ծառայությանը, ինչը հանգստացեց հավաքվածներին:
Այս պահին քաղաքապետարանի մուտքն ամբողջությամբ ազատ է: Թեև մյուս կողմից էլ հարկ է նկատել, որ քաղաքապետարանը մի քանի մուտք ունի, և բոլորը փակված չէին: