Յուրաքանչյուրը կպատժվի սահմանված կարգով․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փորձում է ցրել հանրության կասկածներն առ այն, թե կառավարության որոշ նշանակումներ կոռուպցիոն բնույթ են կրում։
Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում այլևս գերակա է օրենքը։
«Անկախ մարդու քաղաքական անցյալից, անկախ նրա նախկին կենսաձևից՝ այսօր Հայաստանում չի կարող լինել մի պաշտոնյա, որը կարող է իրեն թույլ տալ օրենքով իրեն չվերապահված իրավասություններ և, բնականաբար, յուրաքանչյուրը կպատժվի սահմանված կարգով, օրենքով»,- ասաց նա:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե մարզպետերը կադրային ջարդ են սկսել, իսկ Կոտայքի մարզպետն էլ հորդորել է քաղաքապետին հրաժարական տալ, Սուրեն Պապիկյանը նկատեց, որ դա մարզպետի իրավասությունների մեջ չի մտնում։
«Մարզպետը չի կարող ՏԻՄ մարմնի ղեկավարին նման բան ասել, ես չեմ կարծում, որ Կոտայքի մարզպետն իրեն նման բան է թույլ տվել»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը նման բան չի լսել։
Մանրամասները՝ տեսանյութում