Ռուսաստանցիները քայլ են անում
Այսօր Մոսկվայի փողոցները հիշեցնում են հայկական ապրիլն ու մայիսը․ ողջ ժողովուրդը փողոցներում է, երգում և պարում են բոլորը՝ ինչպես ռուսները, այնպես էլ ֆուտբոլի Աշխարհի առաջնության համար Ռուսաստան հասած օտարազգիները։
Ի դեպ, եթե չլինեն տարբեր լեզուներով բացականչությունները, մոսկովյան փողոցների տոնախմբությունը հիշեցնում է հայկական մերժելու գաղափարախոսությունը, սակայն Մոսկվայում դեռևս հակառակն է։ Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ հավաքվել են հանուն ֆոտբոլի, որը նախ միավորում, հետո նաև բաժանում է, երբ արդեն հայտնի են դառնում առաջատարները և հատկապես՝ հաղթողը։
Ի դեպ, Ռուսաստանը որոշ ահմանափակումներ է մտցրել, հատկապես այն քաղաքներում, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերը, սովորաբար նման դեպքերում, երբ շատ մարդիկ են հավաքվում, մեծ է հավանականությունը, որ ահաբեկիչները չեն ուշանա։
Բացի տրանսպորտային, միգրացիոն ծառայությունների խստացումից, նաև ոստիկանության աշխատանքն է ավելացել՝ անվտանգության նկատառումներով։
Չմոռանանք, որ անգամ ռուսաստանյան խաղերի ժամանակ տարբեր թիմերի ֆանատներն են փողոցներում ծեծ ու ջարդ կազմակերպում, ուր մնաց՝ Աշխարհի առաջնության ժամանակ բախումներ չլինեն։
Ի դեպ, ֆուտբոլի ամենաագրեսիվ ֆանատները համարվում են անգլիացիները, որոնց տեղաշարժը ցանկացած երկրում առանց հետևանք չի անցնում։ Անգլիացիները նաև սեփական տանն են ակտիվ ֆուտբոլային խաղերի ժամանակ, իսկ Ռուսաստանում սպասվում է գերակտիվություն։
Գերակտիվությունը նաև վերջին քաղաքական տեղաշարժերի ֆոնին է, քանի որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ չի մասնակցի ՌԴ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի խաղերին՝ ի նշան Ռուսաստանի վարած քաղաքականության։ Ի դեպ, կարծես դրանից Վ․ Պուտինն այնքան էլ չի նեղվել, դե կին է, երևի ֆուտբոլ չի սիրում։
Ինչևէ։
Քիչ է մնացել մինչև ֆուտբոլի խաղերի մեկնարկը, ֆուտբոլային թիմերն արդեն քանի օր է՝ մարզումներ են անցկացնում, իսկ ֆուտբոլասերները զվարճանք, պար, գրկանառնություն են կազմակերպել Մոսկվայի փողոցներում։ ՌԴ-ում տարբեր ազգեր քայլ են անում, սակայն՝ դեպի ֆուտբոլ։