Այս պահին գնաճի ցուցանիշները հուսադրող են. Արթուր Ջավադյան
Տնտեսական աճի արագացմանը նպաստել են արտաքին ու ներքին գործոնների բարենպաստ զարգացումները: Գործընկեր երկրներում անցած տարի տնտեսական աճ է եղել, եկամուտների աճ, Ռուսաստանից դրամական փոխանցումների վերականգնում է արձանագրվել, 14,6 տոկոսով ավելացել են տրանսֆերտները, որի 75 տոկոսը ՌԴ-ից եկող փոխանցումներն են: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«2017 թվականին գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը»,- շեշտեց նա:
Ըստ նրա՝ 2017-ի վերջին գնաճը գտնվել է նպատակային ցուցանիշի միջակայքում, կազմել է 2,6 տոկոս: Գնաճի ցածր միջավայրը նպաստել է շուկայական տոկոսադրույքների նվազմանը: Տնտեսական ակտիվության բարձր մակարդակի պայմաններում պետական բյուջեի եկամուտները, դրամաշնորհներն աճել են»,- ավելացրեց ԿԲ նախագահը:
Բացի այդ, ծրագրերի շարունակականության պայմաններում հնարավոր կլինի նախապայմաններ ստեղծել տնտեսական աճի կայունացման համար։