Կուլակաթա՛փ անել միլիոնատեր Տարոնին
Երևան. քաղաք, ուր քաղաքային տրանսպորտը երազանք է, մայթերը, վերելակները, կանաչ գոտիների առկայությունը՝ վառ երևակայության արդյունք, քաղաքային հարմարավետությունը զրո աստիճան, իսկ քաղաքապետը՝ միլիոնների տիրակալ։
Մարդ, ով խեղված Երևանի արքան է իրեն զգում և քանդում ու ավերում քաղաքն այնքան, որքան կարողանում է։
Խոսքն, իհարկե, Տարոն Մարգարյանի մասին է, ով, ի թիվս քաղաքում բազմաթիվ այլ աղաղակող թերությունների, իր հանրակրթության վարչության հետ մեկտեղ, կոռուպցիայի և անօրինականության մեջ թաթախեց դպրոցներն ու մանկապարտեզները։
Որպես օրինաչափություն՝ այսօր Երևանում մատների վրա կարող ենք հաշվել դպրոցներ կամ մանկապարտեզներ, որի տնօրինութունը չլինի Տարոն Մարգարյանի անձնական հսկողության տակ՝ ոչ թե ի պաշտոնե հսկողության տակ, այլ՝ ծանոթ-ընկեր-բարեկամ-խնամի հիմքի վրա կատարված նշանակումներով։
Դարձել է կանոն, որ դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ նշանակվում են թաղից ձայն բերող հեղինակությունների կանայք և չունենալով համապատասխան պատրաստվածության աստիճան՝ խաղում են հարյուրավոր երեխաների ճակատագրերի հետ։ Այնքանով, որքանով դպրոցը կամ մանկապարտեզն է պատասխանատվություն կրում մեր երեխաների համար։
Եվ այս համատեքստում բավականին զայրացնող էր Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի դեմ ուսուցիչների և աշակերտների դժգոհության վերաբերյալ քաղաքապետարանի հայտարարությունը․ «Ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ»։
Այս հայտարարությունն անում է մի գործիչ, ով ինքն է անձամբ պատասխանատու, որպեսզի նման տնօրեններ չզբաղեցնեն այդ պաշտոնում և, միևնույն ժամանակ, այդպես է արտահայտվում մի պաշտոնյա, ում վրա կոյուղաջուր են թափում։
Հետևաբար, ճիշտ ժամանակն է, որ Տարոն Մարգարյանն իրենց կողմից արված հայտարարությունն ընդունի ի գիտություն և անձամբ ինքը հեռանա իր պաշտոնից, որովհետև ժողովուրդը նույնքան իրենից նողկանք ապրում, որքան տնօրեն Ազիզյանից, վարչապետ Սարգսյանից և մյուսներից։
Ժամանակն է եկել համատարած փոփոխությունների ֆոնին վերջ տալ նաև մարգարյանական դինաստիային և փրկել մայրաքաղաքը չընդունված, չսիրված և իրենց չսիրող քաղաքապետի ճիրաններից։
Իհարկե, կուլակափաթ անելուց հետո․․․։