Երևանում կկայանա ավանդական գինու օրեր
Մայիսի 11-12-ին Երևանի Սարյան փողոցում կկայանա արդեն ավանդական դարձող Գինու օրերը։ Նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ներկայանալ խոհանոցով, ավանդույթներով, իսկ այս տոնի շնորհիվ հայկական գինին, գինու զբոսաշրջության պոտենցիալը ներքին և միջազգային շուկային է ներկայացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։
Ըստ Ապրեսյանի՝ Հայաստանը որպես զբոսաշրջության համար գրավիչ, բազմազան, դիվերսիֆիկացված զբոսաշրջային արդյունք ունեցող երկիր համաշխարհային շուկային ներկայացնելն է, շուկայում խթանելը և նմանատիպ միջոցառումները թվարկված խնդիրները լուծելու հզոր հատկություն ունեն:
«Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը տեղեկացրեց, որ միջոցառումը կմեկնարկի 18։00-ին, կավարտվի 23։00-ին, այն միտված է գինու զբոսաշրջության զարգացմանը։
«Աս տարի կա կտրոն-գրքույկ, որը հնարավորություն է տալիս համտեսել 25-ից ավել գինիներ, և այցելուն այն իր հետ տանում է տուն։ Գրքույկում տեղեկություններ են գինու, արտադրողի մասին, կոնտակտային տվյալներ։ Այն թե հուշանվեր կլինի, թե հայկական գինեգործության այցեքարտ։ Գրքույկը տպագրված է երկու լեզվով՝ ռուսերեն և հայերեն»,- ասաց նա: