Սահմանին, որ լարվածություն լինի, Սերժը չի գնալու սահման, մենք ենք գնալու. ապրիլյան պատերազմի մասնակցի կոչը՝ ոստիկաններին (ֆոտո)
Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը Բաղրամյան պողոտայում կոչով դիմեց ոստիկաններին՝ խնդրելով, որ իրենց մայրերի, քույրերի և ընդհանրապես՝ հասարակության դեմ բռնություններ չկիրառեն, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ իրենք թշնամուց պաշտպանում էին ամբողջ հայ ժողովրդին:
Նա ոստիկաններին հորդորեց զենքերը վայր դնել, միանալ ժողովրդին, որովհետև այն, ինչ անում է ժողովուրդը, անում է նաև ոստիկանների համար՝ նրանք էլ ժողովրդի մի մասնիկն են:
«Եթե ոստիկանները բռնություն կիրառեն այստեղ կանգնած՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների նկատմամբ, ապա մենք ոչնչով չենք պատասխանելու ու եթե պիտի մեզ ձերբակալեն, ապա թող հիմա էլ ձերբակալեն»,- ասաց քառօրյայի մասնակիցը:
Նա դիմեց նաև ոստիկանության հատուկ ծառայությունների աշխատակիցներին, ովքեր դիմակավորված են՝ ասելով, որ ադրբեջանցիներն են դիմակներ դնում, որպեսզի հայ զինծառայողներին վնասելուց հետո, իրենց չբացահայտեն.
«Հիմա դուք դիմակներ եք դնում, որպեսզի մեզ հետ մի բան պատահելուց ձեզ նույնպե՞ս չկարողանան բացահայտել»:
Մանուկյանը նաև դիմեց բոլոր ոստիկաններին, թե՝ երբ սահմանին լարվածություն է լինում, Սերժ Սարգսյանը չէ, որ գնում է սահման, մենք ենք սահման պահում:
Վերջում ապրիլյան քառօրյայի մասնակիցները կրկին կոչ արեցին միանալ իրենց՝ «Ոստիկան, միացիր»: