Ի՞նչ է խնդրում Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» ղեկավարությունից
Ամառային տրանսֆերային պատուհանը դեռ չի բացվել, սակայն արդեն հիմա սպորտային մամուլը հրապարակում է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստների այն ցանկը, ովքեր ամռանը կլքեն գերմանական ակումբը։ Շարունակվում են նաև խոսակցությունները թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի շուրջ։
Իսպանական պարբերականները նշում են, որ Ռոբերտ Լևանդովսկին խնդրել է «Բավարիայի» ղեկավարությանը, որ իրեն վաճառեն «Մադրիդի Ռեալին»։
Մենք մեկ անգամ արդեն անդրադարձել ենք, որ լեհ հարձակվողի երազանքն է կրել «Ռեալի» մարզաշապիկն ու նա ամեն ինչ կանի, որ այս ամռանը հայտնվի իսպանական ակումբում։
Օրեր առաջ մյունխենյան ակումբի ղեկավարությունը հայտարարեց, որ Լևանդովսկին կմնա, սակայն արդեն հիմա հարձակվողը քայլեր է ձեռնարկում, որ հանդես գա իսպանական թիմում։
Հավելենք նաև, որ իսպանական գրանդն այս ամռանն անպայման կփորձի ձեռք բերել 1-2 բարձրակարգ հարձակվողի, քանի որ թիմում իրոք կա կենտրոնական հարձակվողի խնդիր։