ՀՀԿ-ում դեռ վարչապետի հարց են քննարկում
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում վարչապետի թեկնածության հարցը չի քննարկվել:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ինչպես իր հարցազրույցում նշեց ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում է և քննարկման փուլում է: Մենք պետք է կայացնենք որոշում, որը բացառապես բխում է այսօրվա իրողություններից, մարտահրավերներից: ՀՀԿ-ն կընդունի այնպիսի որոշում, որը բացառապես կսպասարկի ՀՀ-ի պետական ու ազգային շահը»,-ասաց Շարմազանովը:
Նա նկատեց, որ ինչպես իր հարցազրույցում նշել է ՀՀ նախագահը, այդ հարցի շուրջ ինստիտուցիոնալ քննարկում չի իրականացվել, հետևաբար պաշտոնապես ո՛չ գործադիր մարմնում, ո՛չ խորհրդի նիստում դեռևս այդ հարցին անդրադարձ չի արվել: Թեև մյուս կողմից էլ մամուլում ՀՀԿ-ականներն իրենց տեսակետը հայտնել են:
«ՀՀԿ-ն, հաշվի առնելով արտաքին և ներքին մարտահրավերները, Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի պատասխանատու, ավելի պատրաստված, ավելի փորձառու, մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, չունի: Սա բացառապես իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը կիսում են ՀՀԿ-ական մի շարք գործընկերներ»,-ասաց Շարմազանովը: