Միհրան Հակոբյանը, Քաջ Նազարը, Սերժ Սարգսյանը և 20.000 հեկտարը Նախիջևանի հատվածից
«Սերժ Սարգսյանի նմանը գոյություն չունի», «Պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ», «Պրոֆեսիոնալ շախմատիստ», «Անփոխարինելի գործիչ», «Փառք Սերժ Սարգսյանին», «Մեռնեմ իրա ոտքի տակի հողին» բնույթի արտահայտությունները մանր ու միջին ՀՀԿ-ականների կողմից արդեն ականջ են ծակում:
Այնպիսի որակումներ ենք երբեմն լսում Սերժ Սարգսյանի մասին, որ ուրախանում ենք, թե ինչպիսի առաջնորդ ունի այս երկիրը: Սակայն նմանը չունեցող արտահայտության հեղինակ դարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը, ով չունի քաղաքական լայն հետագիծ: Վերջինս, ինչ ծնվել է, օրորոցից ընկել է ՀՀԿ ու մնացել այնտեղ, կարծում ենք՝ երբևէ այնտեղից դուրս չի էլ գա:
Իր առաջնորդին գովասանքի խոսքեր հղելիս այնքան է ոգևորվել այս պատգամավորը, որ գրեթե տիգրանմեծական կենսագրություն է ապահովել նրա համար:
Միհրան Հակոբյանը պնդում է, որ ապրիլյան պատերազմից հետո, մենք չենք ունեցել տարածքային կորուստներ, իսկ 800 հեկտարի նկատմամբ մենք ընդամենը վերահսկողության խնդիր ունենք։ Իսկ մյուս ամպագոռգոռ պնդումն այն է, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 20 հազար հեկտարի չափ հողային ձեռքբերում ունենք Նախիջևանի հատվածում։
Մեկ նախադասությամբ մեր երկիրն ագրեսոր երկիր որակող այս պատգամավորը, հավանաբար, չի էլ գիտակցում իր արտահայատության իմաստը: Երևի նորագույն պատմության կողքով Հակոբյանը հարևանցիորեն է անցնում, որ նման արտահայտություն է անում, բայց պետք է նկատել, որ այսքան ժամանակ նման ինֆորմացիա գրեթե երբեք չի տարածվել, և ինքը պարզապես ընկել է հոգեխանգարմունքի մեջ:
Եթե Միհրան Հակոբյանի այս պնդումը պարզապես վրիպակ լիներ, ոչ թե չիմացության արդյունք, ապա գոնե իր խոսքը կմեղմեր, բայց ոչ: Այս առնական տղամարդը նույն ոգով շարունակում է իր պնդումը՝ «Ուսումնասիրեք՝ կտեսնեք։ Դա թմբկահարելու դաշտից չէ, դրա համար էլ չի արվել»։
Մի խոսքով՝ եթե մենք լսենք Միհրան Հակոբյանին, պետք է հավատանք, որ իր նախագահության օրոք 800 հեկտար հող կորցրած մարդը փայլուն ռազմական գործիչ է, ով այնպես է գրավել 20 հազար հեկտար հողը, որ ոչ ոք այդ մասին չի իմացել, այսինքն՝ մենակ, մի մութ գիշերով գնացել ու գրավել է:
Այստեղ տեղին է հիշել երևի ամենայն մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթից մի փոքրիկ հատված. «Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜... Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու...»: