Սարոյանը՝ կարմիր գորգին, Սեֆիլյանը՝ խոնավ բանտախցում
Շատ բարդ է քաղաքացիական կեցվածքով ապրել մի երկրում, որտեղ գեներալից սկսված մինչև մեծ ու փոքր չինովնիկ ապրում են լավամարդ լինելով:
Ապրելու այդ ձևը դառնում է վարակիչ և այդ ոգով է դաստիարակվում երիտասարդ սերունդը:
Այսօր հանրությանը ևս մեկ անգամ հիասթափեցրեց գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը:
«Տեսա՞ք, Աստված մեր ձայնը լսեց, էլ չեք ընկնի գադալկաների հետևից». այսպես է արձագանքում գեներալը, երբ իրեն հարցնում են, թե ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու մասին ոչ ուղիղ արված հայտարարությանը:
Այսպես է արտահայտվում մի մարդ, ով պետք է լիներ ընդօրինակելի, իր խոսքի տեր, հզոր գեներալը, սակայն այսօր մեր երկրում անգամ զինվորականներն այդպիսին չեն, եթե այդպիսինն էլ են, ապա բանտում են:
Շատ խորհրդանշական է այս օրը, երբ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարով, մյուս կողմից՝ մեկ այլ գեներալ, ով գիտե ճիշտ պահին ճիշտ խոսել, այսինքն՝ ճիշտ պահին ճիշտ գովերգել նախագահին, քայլում է Ազգային ժողովի կարմիր գորգի վրայով:
Սա է հասարակությունը տեսնում, և այսպիսին է կյանքն ընկալում ինֆորմացիան սպունգի նման կլանող երիտասարդը:
Այսքանից հետո, արդյոք մեկը կլինի՞, որ կասի՝ չէ, ես դեմ եմ ինչ-որ բանի: Իհարկե, չի լինի, որովհետև կմտածի, որ հրամանատար Սեֆիլյանի պես կհայտնվի բանտում: