Նեյմարը 7 ամիս հետ հասկացավ, որ Ֆրանսիայի առաջնությունը ցածրակարգ է․ բրազիլիացու կամակորությունն ու նոր արկածները
Օրեր առաջ սպորտային մամուլը գրեց այն մասին, որ Բրազիլիայի ազգային հավաքականի ու Ֆրանսիական «ՊՍԺ»-ի առաջատար Նեյմարը դիմել է իր հորը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է, և համոզել փարիզյան ակումբի ղեկավարությանը, որ նա չվերադառնա Փարիզ։ Արդեն այսօր ֆրանսիական պարբերականները գրեցին, որ փարիզյան ակումբի տնօրենը մեկնելու է Բրազիլիա, որտեղ խոսելու է ֆուտբոլիստի հետ ու համոզի, որ նա չլքի փարիզյան ակումբը։
Մյուս կողմից` լուրեր են պտտվում այն մասին, որ Նեյմարը նոր է միայն հասկացել, որ Ֆրանսիայի առաջնությունը շատ ցածրակարգ է և նա այնտեղ չի կարողանա «Ոսկե գնդակ» նվաճել։ Իսկ իսպանական պարբերականներն ակտիվ հրապարակումներ են անում այն մասին, որ Նեյմարն արդեն հիմա բանակցում է «Մադրիդի Ռեալի» հետ, որ այս ամռանը համալրի արքայական ակումբի շարքերը։
Մյուս կողմից հայտարարություններով են հանդես գալիս կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ու նշում, որ նրանք կցանկանային, որ Նեյմարը վերադառնար կատալոնական թիմ։ Արդեն հիմա փաստացի Նեյմարի շուրջ մի խճճված իրավիճակ է, որի հիմնական մեղավորը ֆուտբոլիստն է, ով «մանկամիտ» քայլեր է անում ու այդկերպ արժեզրկում է իրեն։ Ստացվում է այնպես, որ 7 ամիս խաղալուց հետո նոր միայն Նեյմարը հասկացավ, որ Ֆրանսիայի առաջնությունը շատ ցածրակարգ առաջնություն է։ Մինչ Փարիզ գալը Նեյմարը հաշվարկել էր, որ նա կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն Զիդանն ու «Ռեալը» Նեյմարի երազանքները ջուրը գցեցին։
Ու ստացվում է այնպես, որ «ՊՍԺ»-ի նախկին աստղի՝ Զլատան Իբրահիմովիչի խոսքերը դառնում են մարգարեական։ Իբրան չկարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ փաստացի աստղային «ՊՍԺ»-ն այս տարի ևս դուրս մնաց։
Սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, իսկ Իբրայի խոսքերի մարգարեության կատարելությունը կերևա ապագայում։