Նոր մանրամասներ՝ Օրենբուրգում գործարարի ու իր 7-ամյա տղայի սպանությունից․ կա 3 կասկածյալ
Ռուսաստանի հետաքննչական ծառայության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի արդյունքում ձերբակալվել է 3 մարդ, ովքեր կասկածվում են Օրենբուրգում գործարարի և իր յոթ տարեկան տղայի սպանության մեջ: Այդ մասին հայտնում է Ntv.ru-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին անհայտ անձը հարձակվել է մեքենայի վրա, որի մեջ եղել են 35-ամյա գործարարն ու իր յոթ տարեկան տղան։ Այդ ժամանակ գործարարն իր երեխային ուղեկցել է դպրոց։
Դանակից ստացված հարվածների հետևանքով գործարարը տեղում մահացել է, իսկ նրա 7-ամյա տղան մահացել է շտապօգնության մեքենայում՝ հիվանդանոցի ճանապարհին։
Սպանված գործարարը՝ Դենիս Չերնովը, զբաղվել է ճանապարհային երթևեկության ժամանակ վնասված ավտոմեքենաների գնահատման բիզնեսով։ Սպանված գործարարն ապրում էր այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ որպես հանցագործության շարժառիթի տարբերակներ, քննիչները քննարկում են Չերնովի աշխատանքը կամ անձնական հաշիվները: Հնարավոր է նաև, որ հանցագործները փորձել են խլել ձեռնարկատիրոջ թանկ մեքենան: