Օճառն առել ու...
Այսօր Ազգային ժողովի նիստում կարծիքների փոխանակման փուլում Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ձոներ հղեցին Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները:
Առաջինն Արմեն Սարգսյանին շտապեց գովերգել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, այնուհետև այդ գործին լծվեցին Սամվել Ֆարմանյանը և Կորյուն Նահապետյանը:
Այս երեք պատգամավորները, ովքեր համարվում են Ազգային ժողովի ինտելեկտուալ շերտը, այնպես էին օճառը վերցրել ձեռքներն ու...:
Բարձրագոչ, պաթոսով լցված ելույթները ոչ այլ ինչ, քան զզվանք առաջացնող էին, կարծես տրված էր մեկ շանս՝ կյանքի առաջընթացի համար և այդ մեկ շանսը դպրոցականի ոճով Արմեն Սարգսյանին ուղղված գովերգի տեքստեր արտասանելն էր: Իրականում նմանատիպ տեքստերից հետո մարդը հիասթափություն է ապրում, անգամ նեղսրտում, ո՞նց էլի, իմ պատգամավորը՝ սա՞, ախր, Սամվե՛լ Ֆարմանյան, այս ի՞նչ տեքստ է...
«Անցյալն իմ ասածի առաջին բաժինը մեզ առատորեն ժառանգել է: Ապագա վարչապետի, նոր ձևավորվող իշխանությունների և Ձեր անունը միայն ոսկե տառերով կարող է գրվել պատմության էջերում, եթե կարողանաք ապահովել հայ ժողովրդի հարաճուն գերակայությունն աշխարհագրական մեր նեղ միջավայրում: Ինչպես ասում են, մենք էլ, իբրև խորհրդարանական մեծամասնություն, ձեզ անառարկելիորեն անխախտ հենարան, աջակից ու մասնակից»:
Կորյուն Նահապետյանն էլ, ով աչքի է ընկնում իր կշռադատված, լուրջ և փաստարկված խոսքով այսպես է գովերգում ապագա նախագահին.
«Ես ողջունում եմ Ձեր եռանդը, նվիրվածությունը, Ձեր էությունը, Ձեր տեսակը։ Ես ուրախ և հպարտ կլինեմ՝ ունենալու մեր երկրի համար Ձեզ նման նախագահ:
Դե իսկ Շարմազանովից ամեն ինչ է սպասելի, օրինակ այսպես.
«Լսելով Ձեզ՝ ես այստեղ տեսա պետական գործչի և լավատես գործչի, որը հավատում է ՀՀ-ի, Արցախի Հանրապետության և սփյուռքի եռամիասնությանը, և որ 25 տարի հետո ունենալու ենք ավելի ուժեղ Հայաստան։ Դժվարություններ կան՝ այո՛, լինելո՛ւ են՝ այո՛։ Բայց դժվարությունները հնարավորություն են»:
Մի խոսքով՝ կյանքն իրականում բարդ ուղի է, ամեն մարդ այդ ուղին մի ձև է հաղթահարում, մեկը` կռանալով, ինչպես այս պարագայում, մեկը` Աստծո ողորմածությամբ, մեկն էլ՝ գլուխը վեր պարզած, թեկուզ զրկանքների մեջ ապրելով: