Իշխանական կլանը ախորժակի և «մարսողության» հետ խնդիրներ չունի․ Հյուսիս-հարավ ճանապարհի վերջը չի երևում
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը սկսվել է 2009 թվականից: 9 տարվա ընթացքում նախատեսված 556 կմ-ից կառուցվել է ընդամենը 31 կմ-ը: Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած թվերի՝ կառուցված հատվածի համար վճարվել է ավելի քան 150 մլն․ ԱՄՆ դոլար և շուրջ 25 մլն․ եվրո:
Այս գումարի չափն, իհարկե, չի համապատասխանում կատարված աշխատանքին՝ հաշվի առնելով, որ կառուցվել է նախատեսվածի միայն 6% տոկոսը:
Ասել է թե՝ փողը ծախսվել է, և արդյունքում ոչինչ չի ստացվել, քանի որ նման դանդաղ տեմպերով կառուցվող ճանապարհը դեռ ավարտին չհասած՝ դարձյալ վերանորոգման կարիք կունենա, և կստացվի այնպես, որ պետությունը դարձյալ վարկ կվերցնի ո՛չ թե կիսատ թողած շինարարությունը շարունակելու, այլ արդեն իրականացվածը վերանորոգելու համար:
Այս հարցով զբաղվող պատկան մարմիններին ուղղված հարցադրումները, սովորաբար, լինում են լղոզված և ոչինչ չասող պատասխաններով:
Թե ինչ արդյունքներ են տվել Վերահսկիչ պալատի աշխատանքները և ինչպես է կատարվել վերահսկողությունը, երբ սայլը տեղից չի շարժվում ու ոչ ոք պատասխան չի տալիս, արդեն պարզ է. ճանապարհի համար վերցրած գումարները կլանում է ոչ թե հենց ճանապարհի շինարարությունը, այլ իշխանության այն կլանը, որի «մարսողության» հետ կապված, այս առումով երբեք խնդիրներ չեն եղել: Որքան ուտի՝ մարսում է:
Կառավարությունը ճանապարհի շինարարությունը թողնում է կիսատ՝ շարունակելով Հայաստանի բնակչության գրպանից հանել վերջին կոպեկներն ու վճարել իր կերած ու մարսած գումարները:
Եվ ցավալին այն է, որ չինովնիկներն իրենց հավեսով ծախսում են պարտքով վերցրած գումարներն ու հանգիստ խղճով վերցնում ու հաշվում ժողովրդի քրտինքով ստացված կոպեկները, որպեսզի փակեն իրենց «կերածի հաշիվները»։
Եթե դա սեփական քրիտինքով վաստակած գումար լիներ, հազիվ թե ձեռքները գրպանը տանեին։ Փոխարենը իշխանության ձեռքը ժողովրդի գրպանից դուրս չի գալիս, ու որքան շատ է վերցնում, այնքան ախորժակը բացվում է։