Նա կռվեց Ռոնալդուի, Ռոնալդոյի, Իբրահիմովիչի հետ ու ծեծեց «Տոտենհեմի» մարզչին․ Ֆուտբոլի պատմության ամենամեծ մարտիկը՝ Գատուզոն
Ժամանակակից ֆուտբոլը որքան դիտարժան է, բայց այնուամենայնիվ միշտ քննադատվում է։ Պարզից էլ պարզ երևում է, որ հիմա ֆուտբոլիստների մեծամասնությունը խաղում է սեփական կարիերայի, գումարի ու փառքի համար։ Հիմա քիչ են այնպիսի մարզիկները, ովքեր գումարը, անձնական հաջողությունները կնետեն մի կողմ ու կպաքարեն թիմի ու կրծքանշանի համար։
Այդպիսի մարտիկներից էր Ջենարո Գատուզոն, ով հիմա «Միլանի» գլխավոր մարզիչն է և փորձում է իր նման մարտիկներ դարձնել նաև իր ֆուտբոլիստներին։ Գատուզոն այն մարզիկն էր, ով կարող էր ոչինչ չանել, սակայն երբ մրցակիցն իմանում էր, որ նա խաղադաշտում է, ապա դառնում էր վախկոտ։ Նրանից վախենում էին բոլորը։ Նա ակումբի պատվի համար պատրաստ էր հարվածել, ծեծել ու բարկանալ բոլորի վրա։ Նա ֆուտբոլիստ էր, ում համար չկային մեծություններ։ Թիմակցին, ակումբին ծաղրողները կարժանանային շատ դաժան վերաբերմունքի։
Այդ ժամանակաշրջանում նա «Միլանի» ահն ու սարսափն էր, կրակն ու ոգին: Ժամանակակից ֆուտբոլում շատ քիչն են այդպիսի նվիրված մարզիկները, ովքեր պայքարում են թիմի համար։ Գատուզոն չէր ցանկանում աստղաբաշխական գումար, չէր ցանկանում լինել տրանսֆերային շշուկների թիրախում։ Փաստացի Գատուզոն հիմա Իտալիայի առաջնությունում ամենացածր վարձատրվող մարզիչն է, ով օր ու գիշեր աշխատում է, որ «Միլանը» դառնա ավելի լավը։
Ժամանակակից ֆուտբոլում քիչ են Գատուզոյի նման մարտիկները։ Իսկ ապագան ցույց է տալիս, որ այսպիսի ֆուտբոլիստներ այլևս չեն լինելու, քանի որ գումարը կանգնած է ավելի վեր, քան մարզաշապիկի գույներն ու թիմի կրծքանշանը։