ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը
2016 թվականի փետրվարի 21-ին, այսինքն` ճիշտ 2 տարի առաջ, երբ Արթուր Բաղդասարյանը հասկացավ, որ իր համախոհների բանակն այլևս նոսրացել է, որոշեց նորություն մտցնել. այն է՝ հրաժարվել ինքն իրենից, թեև մեծ հաշվով ինքն իրեն վաղուց էր հրաժեշտ տվել՝ առնվազն որպես քաղաքական գործիչ։
Նա վերափոխվելու փոխարեն, բավարարվեց ընդամենը կուսակցության անունը փոխելով։ Բայց «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ի զորու չէր մաքրելու Արթուր Բաղդասարյանի ապականված անունն ու դեմքը (եթե դեմք մնացել էր)։
Մյուս կողմից էլ՝ իր համախոհներին վերադարձնելու հարցում հազիվ թե Բաղդասարյանը կարողանար ավելի խելացի բան մտածել, եթե չէր ձերբազատվելու յուղոտ ու համեղ պատառի հետևից դաշտից դաշտ տեղափոխվելու իր սովորությունից։
Ինչպես և ակնկալվում էր, հոգեվարքում գտնվող ՕԵԿ-ից վերածնվել ցանկացող ոգիներին այդպես էլ չհաջողվեց կոմայից դուրս գալ։
Զուր էր դեռ այն ժամանակ Հովհաննես Մարգարյանն ինքն իրեն հույս տալիս, մեզ հավատացնում, թե չարախոսները պարզապես նախանձում են․
«Նախանձողները, «ցխկվողները», չարախնդացողները շատ են լինելու: Ոչինչ, չենք իջնելու ներքև, չենք շեղվելու մեր ճանապարհից»․․․ մենք նաև զանգ կախող ունենք»։
Բայց, ինչպես և ակնկալվում էր, ճառ ասողի կարգավիճակից Բաղդասարյանն այդպես էլ չդարձավ զանգ կախող ու ոչ թե չիջավ, այլ ընկղմվեց տիղմի մեջ ու ավելի հեղինակազրկվեց։ ՕԵԿ-ն իր պատմությունը ջնջեց։
Ու հիմա, չգիտես ինչ նկատառումներով, Բաղդասարյանը որոշել է վերադարձնել իր նախկին անունը՝ ՕԵԿ-ը։
Չի բացառվում, որ Բաղդասարյանը դեռ հույսեր է կապում կուսակցության անվան հետ, որը նրա համար դեռ չի կորցրել իր արժեհամակարգը։ Գուցե նրան այդ անվան հետ կապում են քաղցր հիշողությունները․ ի վերջո, որպես այս կուսակցության ղեկավար՝ նա հաց ու ջրի տեր դարձավ։
Մյուս կողմից էլ՝ շատ հնարավոր է նաև, որ կուսակցության անդամների երևակայությունը պարզապես չի բավականացրել այլ անուն մտածել իրենց քաղաքական ուժի համար և սահմանափակվել են վերադարձով։
Ամեն դեպքում ակնհայտ է, որ Արթուր Բաղդասարյանին այդպես էլ դաս չեղավ՝ կաշին ու կաղապարը փոխելով, նա ՕԵԿ-ին այլևս չի կարող ազատել վարկաբեկիչ կապանքներից ու «Օրինացն» այդպես էլ կմնա իր հորինած երկիրը: