«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսները և այլք՝ Առնո Բաբաջանյանի տարեդարձին նվիրված միջոցառմանը (ֆոտո, վիդեո)
Այս տարի Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կազմակերպվող միջոցառումների մեկնարկը տրվեց հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան 97-ամյակին նվիրված միջոցառմամբ։
Հրավիրվածների շարքում էին անվանի գործիչներ, պաշտոնյաներ։ Հատուկ հրավերով այդ օրերին Մոսկվայում էր նաև NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը։
Հարկ է նկատել, որ դեսպանատունը նախկինում եղել է Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տուն, որտեղ և ժամանակին սովորել և կից հանրակացարանում ապրել է Առնո Բաբաջանյանը։ Հենց այստեղ էլ նախատեսվում է բացել թանգարան մեծ կոմպոզիտորի հիշատակին։
Թանգարանում տեղ կգտնեն նաև նրա անվան հետ կապված այլ իրեր, որոնք պատկանել են Բաբաջանյանին։ Իսկ առաջին իրը եղավ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի կողմից, որը ծննդյան օրվա առթիվ վերջինիս անակնկալ նվերն էր։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը խոստացավ այն տեղադրել մեծ կոմպոզիտորի հիշատակին ստեղծված թանգարանում։
Արտակի դերակատար, Առնո Բաբաջանյանի որդի Արա Բաբաջանյանն էլ պատմեց, թե ինչպես, հենց Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը հանդիպեցին Առնո Բաբաջանյանն ու իր մայրը:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ուղին և նրա որոշ ստեղծագործություններ։
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան): Նրա տաղանդը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։
1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։
Նկարում՝ Արիանա Հովսեփյանը՝ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի գլխավոր հերոս Արտակի դերակատար, Արա Բաբաջանյանի հետ։
Նկարում՝ Արիանա Հովսեփյանը՝ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի գլխավոր հերոսուհի Վալյայի դերակատար՝ Նատալյա Բեսպալովայի հետ։