Գիշերամիզությամբ զորակոչվում են բանակ, որ հետո ծառայությունից ազատվեն․ գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի ծառայությունից․ Պապիկյան
Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները։ Այս մասին կառավարության նիստին հայտարարել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ և ուսուցման, գրագիտության խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը, ինչպես նաև ուրոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների` գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից, այլ կծառայեն որոշակի սահմանափակումներով»,-ասաց նա։
Պապիկյանը պարզաբանեց, որ գիշերամիզություն ունեցող զինծառայողի ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով։
Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվի մարտական հերթապահության մեջ, կարգելվի նրանց վարել տրանսպորտային միջոցներ և տեխնիկա, ղեկավարել անձնակազմ։
«Նույն գիշերամիզությամբ էլի զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելն է։ Մենք ունենք վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա»,– ընդգծեց Պապիկյանը։
Նախարարը վստահեցրեց` իր թվարկած հիվանդությունները ոչ մի կերպ չեն կարող զինծառայության ընթացքում վնաս հասցնել մարդու առողջությանը։