Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից
Crocus City Hall-ի համերգասրահի վերակառուցման համար կպահանջվի առնվազն 150 մլն դոլար: APA-ի փոխանցմամբ, այդ մասին «Ռոսիա 24»-ի եթերում ասել է Crocus Group-ի սեփականատեր Արազ Ագալարովի որդին՝ հայտնի երգիչ Էմին Ագալարովը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է։
Նա նշել է, որ տարածքի վերականգնման վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ, դա կլինի՝ ղեկավարվելով Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և հանրության կարծիքով։
«Կարծում եմ, որ մենք առաջնորդվում ենք իշխանությունների, միգուցե պարոն նախագահի և ժողովրդի ընդհանուր կարծիքով, թե ինչ պետք է լինի այնտեղ, պետք է վերականգնվի հուշահամալիրով դահլիճը կամ միայն մի հատվածը, կամ գուցե՝ դահլիճը պետք է լինի մեկ այլ վայրում»,- ասել է Ագալարովը։
Հարցին, թե ինքը ո՞ր տարբերակին է հակված, Ագալարովը պատասխանել է՝ կողմ է համերգասրահի «վերստեղծմանը, վերականգնմանը»։
Էմին Ագալարովը հայտնել է նաև, որ Crocus Group-ը նախատեսում է աշխատանքի ընդունել Crocus City Hall-ի ավելի քան 300 աշխատակիցներին, ովքեր մնացել են առանց աշխատանքի սրահի ավերման պատճառով։
Նա նշել է, որ ահաբեկչության և հրդեհի ժամանակ «Կրոկուս»-ում ծխի հեռացման համակարգը նորմալ աշխատել է։ Բացի այդ, ապահովագրությունը կփոխհատուցի համերգասրահի վնասի միայն 1/30-ը կամ 1/40-ը։