«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցն արդեն Հայաստանի համար որոշված է․ Ալեն Սիմոնյան
«Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հարցն արդեն Հայաստանի համար որոշված է` ՌԴ սահմանապահները «Զվարթնոցում» կմնան մինչև օգոստոսի 1-ը։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Փորձ է արվում դա ներկայացնել որպես միջպետական համաձայնագրից դուրս գալու քայլ, բայց իրականում դա միջգերատեսչական համաձայնություն էր, որի նպատակն էր տվյալ հատվածում օգնել հայ սահմանապահներին, թեթևացնել նրանց բեռը։ Այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա։ Մենք տեղեկացրել ենք՝ եղբայր, օգնեցիր, մենք այդ օգնությունը շատ բարձր ենք գնահատում, ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում, բայց Հայաստանի Հանրապետությունն այլևս այդ օգնության կարիքը չունի, մենք կարող ենք մեր օդանավակայանը ինքներս սպասարկենք, մեր սահմանապահները նույնպես կարող են իրենց առջև դրված խնդիրը լուծել»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ՌԴ սահմանապահներին հայ-թուրքական սահմանից դուրս բերելու խոսակցություն չի եղել։ Միաժամանակ նա ասաց.
«Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի վրա հարձակվել, ռուս սահմանապահները կկարողանան, կգործեն կամ կպաշտպանեն»։