Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել: Այս մասին ՀՀ կառավարությունում նիկոլ Փաշինյանի հետ հայտարարությունների ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, բայց այս պատճառով էլ պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը: Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,- ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նշեց, որ խոսել են նաև Հայաստանի ներքին բարեփոխումների առաջընթացի մասին:
«Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում եք ձեր զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ նաև ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրին ձեր մասնակցության միջոցով: Դուք իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ժողովրդավարական ձեր ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում»:
Նա հույս հայտնեց, որ կշարունակեն ուժեղացնել գործընկերությունը՝ միասին աշխատելով ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության համար Հարավային Կովկասում և տարածաշրջանից անդին: