Արցախի պարտավորությունները ՀՀ նկատմամբ կազմում են շուրջ 315 միլիարդ դրամ, որոնց սպասարկումն անհնար է դարձել․ Հայաստանն իր վրա կվերցնի ԼՂ կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը․ Ֆիննախ (տեսանյութ)
«Հայաստանի ֆինանսաբանկային համակարգն ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ հետո պահպանել է իր ներկայացվածությունը Լեռնային Ղարաբաղում՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղի տնտեսության բնականոն գործունեությանը»։ ԱԺ արտահերթ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 միլիարդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել։
«Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել այդ բեռի մեծ մասը»,-ասաց նախարարը: