Ամեն օր սրտիցս արյուն է կաթում ու 20 օր է...ավելի կոնկրետ երկու տարի... ուշքի չեմ գալիս. Վահագ Ռաշի մենախոսությունը
Երգիչ, երգահան Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենախոսություն.
Կյանքն, էն էլ զինվորի էնքան արժեզրկվեց մեր երկրում, որ նույնիսկ 200-ից ավել հերոսացածներին մի նորմալ հարգանքի տուրք չմատուցվեց, թշնամու հասցեին պաշտոնական որևէ ուղերձ չեղավ, տո իսկի թշնամի բառը չլսեցինք ... Ինչքան ենք ջայլամի պես գլուխներս խրելու մեր առօրյայի մեջ ու ձև տալու՞ ու հուսալու, որ ամեն ինչ լավ է լինելու։
Ամեն օր սրտիցս արյուն է կաթում ու 20 օր է
...ավելի կոնկրետ երկու տարի... ուշքի չեմ գալիս։ Միայն առանձին նեղլիկ փողոցներում կախված...18 սև ժապավեններն ու գերեզմանոցում ամեն օր ավելացող ծածանվող եռագույններն են հիշեցնում մեզ, որ մեր եղբայրները էլի մեր խաղաղ կյանքի համար տվեցին իրենց կյանքը։
Ամեն օր պետք է հիշել, ամեն օր պետք է պատվել նրանց ու նրանց ծնողներին ու աշխատել լինել նրանց արժանի։
Չի կարելի տեղում նստել ու սպասել, թե հաջորդը ե՞րբ է լինելու...
2 տարի առաջվա վերքերը դեռ չէին սպիացել... էլի նոր վերքեր։ Չեմ կարողանում հետ գալ... ինչպե՞ս եք վերադարձել բնականոն կյանքին, ինձ էլ սովորեցրեք...
Զայրույթ, հուսահատություն, անկարողություն, խառը մտքեր, սեր, ատելություն, պատասխանատվություն, զգուշություն, վրեժի ծարավ, պատժելու ցանկություն... ու էլի լիքը խառը երևույթներ կուտակվում են մեջդ ու չես կարողանում կառավարել...»: