Տոկիոյի հայտնի համերգասրահում հնչել է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն ու Կոմիտասի «Կռունկ»-ը
Ս.թ. հուլիսի 12-ին Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և 2021թ. Հայաստանում Ա. Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթում հաղթած ճապոնացի դիրիժոր Դաիչի Դեգուչիի նախաձեռնությամբ Տոկիո քաղաքի հայտնի «Suntory Hall» համերգասրահում կայացավ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգաշարի երրորդ և եզրափակիչ համերգը: Մինչ այդ՝ հուլիսի 7-ին և 10-ին, նվագախումբը համերգներ էր տվել նաև Տոկիոյի մյուս հայտնի համերգասրահներում՝ «Tokyo Opera City Concert Hall» և «Bunkamura Orchard Hall»:
Համերգաշարն անցկացվեց Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ՝ ի թիվս ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ-ի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ անցկացված և անցկացվելիք մի շարք այլ համերգների:
Համերգային ծրագիրը կազմված էր Արամ Խաչատրյանի ջութակի (Violin Concerto in D minor) և սիմֆոնիկ (Symphony No. 2 in E minor «The Bel») կոնցերտից, ինչպես նաև Գայանե բալետից որոշ հատվածներից, այդ թվում նաև «Սուսերով պարի» կատարմամբ: Համերգների համար հատուկ տպված բրոշուրներում ճապոներենով ներկայացված էր տեղեկատվություն ոչ միայն Արամ Խաչատրյանի և վերջինիս երաժշտական ժառանգության, այլ նաև Հայաստանի մասին ընդհանուր տեղեկություններ:
Կատարումները ջերմորեն ընդունվեցին ճապոնացի հանդիսատեսների կողմից և արժանացան երկարատև ծափահարությունների: Շատ ջերմ ընդունվեց ջութակի կոնցերտի կատարումը ջութակահարուհի Մայու Կիշիմայի կատարմամբ, ով ծափահարություններից հետո կատարեց նաև Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը:
Դեսպան Արեգ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և նվագախմբին համերգների անցկացման համար գործադրված ջանքերի և կատարման բարձր մակարդակի համար՝ նշելով, որ մշակութային շփումները մեծապես նպաստում են ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և փոխադաչձ ճանաչելիության բարձրացմանը: Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանը դիրիժոր Դաիչի Դեգուչիին պարգևատրեց դեսպանության գնահատանքի պատվոգրով: