Երբ խոսում ես որևէ խնդրի մասին, այդ խնդրի բովանդակությունը թողած՝ բոլորն սկսում են քեզ քննադատել. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
«Նոր ինձ հարցնում էին, թե ինչու չեք ձեր տեսակետներն առաջարկելիս լսում իշխանություններին։ Ասում եմ՝ լավ, ենթադրենք այս հարցերը տվեցինք իշխանություններին՝ ի՞նչ պետք է պատասխանեին»։ Այս մասին այսօր «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի կողմից կազմակերպված հանդիպմանն ասաց նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ակումբի քննարկումներին ու մասնավորապես Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը։
«Օրինակ․ իշխանությունը կասե՞ր, որ Ղարաբաղյան հարցը փակուղի է մտել․ պետք է ասեր, որ երբեք այսպիսի վիճակ չի եղել, երբ մենք Ղարաբաղի կարգավորման հարցում նման ձեռքբերումներ ենք ունեցել։ Կամ ի՞նչ պետք է ասեր ազգի պառակտման մասին․ պետք է ասեն, որ ազգը երբեք այսքան միասնական չի եղել։ Եթե խոսես դատական համակարգի մասին ու ասես, որ այդ համակարգը ձեռքից գնացել է, պետք է ասեն՝ էդ ո՞նց, դատական համարակարգը երբեք այսքան արդար չի եղել»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ խոսում ես որևէ խնդրի մասին, այդ խնդրի բովանդակությունը թողած՝ բոլորն սկսում են խնդիրը բարձրաձայնողին քննադատել ու ասել, թե նախկին ես, սև ես և բուն խնդիրը այդպես էլ կմնա չքննարկված ու չլուծված։
Նախկին պատգամավորի խոսքով՝ «Վերնատուն»-ը այն վայրն, որտեղ ազատ կարող են քննարկվել բոլոր խնդիրները, իսկ եթե իշխանությունը կփորձի հակառակն ասել, ապա թող գան ու ապացուցեն, որ ամեն ինչ շատ լավ է։
«Եթե այսօր չաշխատեցինք այս իրավիճակն ուղղելու վրա, ապա ամեն անգամ, էյֆորիայի կամ մեկ այլ ազդեցության ներքո կատարելու ենք ընտրություն, որից հետո աշխատելու ենք այն ուղղությամբ, թե ինչպես անենք, որ այս իշխանությունից ազատվենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում