«Սրա ձևն արդեն չափ ու սահման չունի․ մի հատ էլ քֆուր դնեիք․ Միրզոյանին դուր չեկավ միասեռականների դեմ Պետրոսյանի ելույթը (տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր վիճաբանություն տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև։
Բանն այն է, որ «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծի համահեղինակ Գևորգ Պետրոսյանն առաջարկում է օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը և նույնասեռականների կողմից երեխայի որդեգրման գործընթացը։
Նրա առաջին առաջարկը մերժվեց։ Երկրորդ առաջարկի քվեարկությունից առաջ ելույթի ժամանակ Գևորգ Պետրոսյանը կես լուրջ, կես կատակ նկատեց․
«Մեկ ա՝ մերժվելու ա, բայց պիտի ասեմ․ հարգելի գործընկերներ, այս մի նախագիծն էլ վերաբերում է նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու արգելքին, բա այստեղ ի՞նչը պետք է ստուգենք, եթե ամուսնության ժամանակ կասկած կա, որ նույնասեռական է, մի բան կարելի է ստուգել, այստեղ ի՞նչը պետք է ստուգել»,- ասաց Պետրոսյանն ու հավելեց, որ կատակը մի կողմ, բայց պետք է պահպանել ազգային արժեքը։
«Մենք չենք ասում իրանց տվեք, սպանեք, չկա տենց խնդիր, բայց մենք ասում ենք՝ նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու արգելք սահմանենք»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։ Նա ընդգծեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու խմբակցության բոլոր անդամները դեմ են, որ ավանդական արժեհամակարգը «գնդակահարվի»:
«Ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք՝ մունաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա: Թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի, բայց եկեք պաշտպանենք մեր արժեհամակարգը: Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երևույթ տեսնել»,- հայտարարեց Պետրոսյանը: Նրա այս հարցադրումը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա, դիմելով Պետրոսյանին, ասաց. «Ի՞նչ ես խոսում, էս ի՞նչ ես խոսում»:
Պետրոսյանն ուղղեց նրան.«Ինչ ես խոսում չէ, ինչ եք խոսում»:
«Պարո´ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզենաք ձեր ընտանիքում... էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Պետրոսյանը նկատեց, որ անձնավորման խնդիր չկա և անուններ էլ չի տվել, Միրզոյանն արդեն չէր լսում նրան։
«Սրա․․․․ Ձեր ձևն արդեն չափ ու սահման չունի: Հիմա մեկը կանգնի, ասի՝ էս օրենքին ով որ դեմ քվեարկի, իր ընտանիքում սենց- նե՞նց է»,-հարցրեց Միրզոյանը: Նա դիմեց ԱԺ աշխատակցին՝ խնդրելով գտնել այն հոդվածը, որով կարգավորվում է պատգամավորին ձայնից զրկելու հարցը: