Իշխանությունը խաբել է, չի ասել, որ սրբապղծելու է ազգը. Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ակցիան շարունակվում է (տեսանյութ)
Ազգային ժողովի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Առավոտյան ժամը 10-ից ՀՀ մի խումբ մտահոգված քաղաքացիներ հավաքվել են ԱԺ դիմաց, որպեսզի թույլ չտան կոնվենցիայի հնարավոր վավերացումը:
Հավաքվածները նկատում են, որ ԱԺ-ում գաղտնի քննարկվում է փաստաթուղթ, որը մեր ավանդական արժեքների դեմ է։ Մարինա Խաչատրյանն էլ ընդգծեց, որ իշխանությունը խաբել է ժողովրդին, քանի որ հեղափոխությունն իրականացնելիս ու դրանից հետո ընտրություններում, չի հայտնել հասարակությանը, թե ինչ փոփոխություններ է անելու և ինչպես է սրբապղծելու մեր ազգային արժեքները։
«Նրանք չեն ասել, որ գործելու են հայոց պատմության, հայոց լեզվի, հայոց գենի դեմ։ Չեն ասել, որ պաշտպանական բանակի վրա հարձակումներ են լինելու»,- ասաց Խաչատրյանն ու հայտարարեց, որ այս ամենի դեմ միասնական պայքար է հարկավոր։ Նա նկատեց, որ եթե թույլ տան, ապա դա ազգի վերջը կլինի։