Այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն 20 տոկոսով ավելանում է, մեր ռազմական բյուջեն գրեթե չի ավելանում. Շարմազանով
Ես տարիներ շարունակ խոսել եմ, որ Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերը անվտանգությունն է, պանթուրքիզմն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դժբախտաբար, այս մեկուկես տարվա ընթացքում մեր նոր իշխանությունը չի գիտակցել, կա՛մ չի ցանկացել գիտակցել, կա՛մ անզոր է քայլեր կատարել, որպեսզի մեր պետության անվտանգությունն ամրացնենք: Այս մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան 3 անգամ համատեղ զորավարժություն են իրականացրել, շքերթներ են կազմակերպել, խոսել են կոնկրետ Հայաստանի վրա ռազմական ագրեսիա իրականացնելու վերաբերյալ, մեր քայլողների ղեկավարը խոսել է Ալիևի կիրթ լինելու մասին, արցախյան հարցն ունեցել է և, դժբախաբար, ունի իրար հակասող հայտարարությունների շարան, որն անկեղծորեն թուլացնում է մեր դիրքերը բանակցություններում»,- ասաց Շարմազանովը:
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ իր վարչապետության օրոք ռազմական բյուջեն պետք է շեշտակի ավելանա:
«Սա ես չեմ ասել, ինքն է ասել: Այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն 20 տոկոսով ավելանում է, մեր ռազմական բյուջեն գրեթե չի ավելանում: Մենք այստեղ հստակ ունենք խոսքի և գործի անհամարժեքություն: Ես չեմ ուզում կոպիտ լինել և ասել, որ վարչապետը սուտասան է, սուտ է խոսում, խաբում է, բայց մենք գործ ունենք մի մարդու գործունեության հետ, որը ամենակարևոր հարցերում Ազգային ժողովում հայտարարում է մի բան, իրականացնում է լրիվ այլ բան: Արձանագրենք 20 տոկոս ադրբեջանական ռազմական բյուջեի պարագայում գինու շշով փարթիներ կազմակերպելը և ռեալիթի շոուի ռեժիմով ժողովրդին զվարճացնելը, մեր պետության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում: Կան ավելի շատ կարևոր խնդիրներ մեր երկրում, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը»,- շեշտեց Շարմազանովը: