Երևանում ոստիկանների վրա հարձակված անձինք եղբայրներ են. ժամեր անց նրանք բերման են ենթարկվել
NEWSPRESS.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 16-ի, ժամը 04:00-ին տեղի ունեցած միջադեպից:
Երևանում ոստիկանների վրա հարձակված անձինք եղբայրներ են:
Ըստ մեր տեղեկությունների՝ հարձակվողները հասցրել են խլել ոստիկանի զենքը և կրակել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ոստիկաններից մեկը մահացել է, մյուսը վիրավորվել:
Ոստիկանության ծառայողների ինտեսիվ աշխատանքի շնորհիվ, օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում դեպքից հաշված ժամեր անց, հայտնաբերվել և բերման են ենթարկվել կասկածյալները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը' ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։
Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։
Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։