Ես ընդհանրապես մարդ չեմ ծեծում. Էդուարդ Բաբայան
Ես հարյուր անգամ ասեցի՝ ես ոչ մասնակցել եմ ծեծկռտուքի, ոչ եղել եմ այդ սենյակում: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խպմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանը:
Նա ներկայացրեց այդ օրը տեղի ունեցածը. «Ես Ծառուկյանի հետ բարձրացել եմ վերև, երկու հոգու ընդունել է Ծառուկյանը, մոտ մի ժամ է տևել, թողել գնացել են»:
Լրագրողի հարցին, թե Հարությունովը հայհոյե՞լ է Ծառուկյանին, Բաբայանը բացասական պատասխան տվեց. «Չէ, տենց բան չի եղել, ինքը մոտեցել էր ինձ, ասաց՝ տղայի հետ կապված հարց ունի, ասացի՝ մոտեցի Ծառոկյանին, ասա: Իր տղայի հետ կապված հարց էր»,- ներկայացրեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե այդ դեպքում, ո՞րն էր տուժողի շահը, երբ նա ասում էր, թե նախ Ծառուկյանն է հարվածել իրեն, ապա Բաբայանը, վերջինս խորհուրդ տվեց հարցը տուժողին ուղղել:
Նրա խոսքով՝ ինքը շուրջ 10 տարի թիկնազորի պետ է եղել, բայց երբեք մարդ չի ծեծել. «Ես ընդհանրապես մարդ չեմ ծեծում»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը: