Իրավիճակ է փոխվել. Կոստանյանն արդեն ցուցամատն օգտագործում է ըստ նշանակության՝ ինչպես հրահանգված է (տեսանյութ)
Քաղաքական դաշտում աննախադեպ զարգացումներ են տեղի ունենում: Այնքան աննախադեպ, որ Գեւորգ Կոստանյանը, որին ներկայիս վարչապետը պատգամավոր եղած ժամանակ բազմիցս է «ցեխը կոխել», հայտարարում է՝ «Փաշինյանն ազնիվ է, ես ամբողջությամբ աջակցում եմ նրան»:
Տեսնես ի՞նչ է փոխվել:
Դեռ ոչ վաղ անցյալում Հանրապետականն ու իր խոսափողներից մեկը հանդիսացող Կոստանյանը գոռգոռում էին, թե Փաշինյանը չի պատկերացնում՝ ուր է տանում երկիրը, իսկ այժմ՝ նույն Կոստանյանն Ազատությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին ասում է՝ «Նա ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասածը հետևյալն է՝ եթե ես գտնում եմ, որ նպատակների, ցանկությունների, գործողությունների մեջ կա այդ ազնվությունը և երկրի բարօրության համար է իրականացվում, ես միշտ կկանգնեմ իր կողքին ցանկացած պահի»:
Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական գործիչներն իրենց անսկզբունքայնությունը կոծկելու շաբլոն ձեւակերպումներ են օգտագործում, որոնց իմաստն այն է, թե քաղաքականության մեջ թիմից թիմ թռչելը նորմալ պրակտիկա է ամբողջ աշխարհում:
Գուցե:
Պարզապես, հարց է առաջանում՝ տեսնես նախկին ախոյանների առաջ «կզելիս» մոռացա՞ծ են լինում նախկին ոխերը, թե՞, այնուամենայնիվ, պահում են սրտի մի անկյունում. մեկ էլ տեսար՝ իրավիճակը նորից փոխվեց:
Ստորեւ ներկայացված տեսանյութն այն ժամանակներից է, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ԱԺ ամբիոնից հոխորտացող ընդդիմադիր պատգամավոր էր, իսկ Կոստանյանը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Հանրապետության գլխավոր դատախազ:
Փաշինյան-Կոստանյան նախկին հարաբերությունները վերհիշելու համար տեսանյութը դիտեք 7:55-րդ րոպեից:
Տեսանյութը՝ 1in.am-ի