Փաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համար

Հայաստանը և Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ստեփանավանում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Երեկվա հայտարարության հետ կապված ես նախ կուզենամ, որ մենք տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Չէի ուզենա, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզենա, որ թերագնահատենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց։ Սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար։ Ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը»,– նշեց Փաշինյանը։
Փաշինյանը երեկվա պայմանավորվածությունն անկյունաքարային է համարում Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու զարգացման հաջորդ փուլի համար։ Ըստ նրա` այս որոշումն էականորեն կնվազեցնի անվտանգային հարցերը, որոնք կան Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով։