Տավուշում իրականացվում է հանուն թուրքի օպերացիա՝ հայ ոստիկանը ռեժիմի թելադրանքով թուրքի համար ճանապարհ է բացում․ Զոհրաբյան
«Ես քիչ առաջ զրուցում էի տավուշցիների հետ, կատաստրոֆա իրավիճակ է, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ողորմելի են, Կիրանցը մոտ 400 բնակիչ ունի, մի քանի հազար ոստիկան են տարել, հենց այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիեւի, հանուն Ադրբեջանի օպերացիա»։ Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ հայ ոստիկանը ռեժիմի թելադրանքով թուրքի համար ճանապարհ է բացում. «Ինչպես երկու օր առաջ Ալիևի օգնականն ասաց՝ մի քանի օր ենք տվել ՀՀ իշխանությանը ժողովրդին հանգստացնելու համար, որ կարողանանք գալ, տեղակայվենք ու մեր զինուժը կանգնի այդտեղ: Գիշերվանից սկսվել է հանուն թուրքի օպերացիան, բռնում, տանում են անչափահասների, որոնք մի բան են ասում՝ թուրքին հող չես հանձնելու: Նույնիսկ թույլ չեն տվել վերադառնալ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, որոնք Իջևան են իջել բերման ենթարկվածների խնդիրներով զբաղվելու: Սրբազանի մեքենան կանգնեցրել են, մի հատ տեսեք էս սատանիստների արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ, ասել են՝ իջի և ոտքով գնա: Սրբազանի աջակիցները ոտքով Իջևանից գնում են Կիրանց, այնտեղ իրավիճակը սարսափելի լարված է»,-ասաց Զոհրաբյանը: