Խայտառակության և ամենաթողության դրսևորում. սա առաջին ու վերջին դեպքը չէ. Արման Սաղաթելյանը` եղբոր և Սամսոնյանի կալանավորման մասին
«Հերթական խայտառակության և ամենաթողության դրսևորում»։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց լրագրողներին հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի եղբայրը՝ Արման Սաղաթելյանը։
Նա նման որոշում սպասում էր դատարանից։
«Պրոցեսն ամբողջությամբ, ըստ էության, քաղաքական է և հասկանում ենք, թե այս ամենի դրդապատճառն ինչ է, ինձ մոտ այլ ակնկալիքներ չկար, չնայած կար որոշակի վստահություն դատական համակարգի նկատմամբ, բայց այսօր ևս տեսանք, որ այն տեղին չէ, ունեցանք նույնը, ինչը Նարեկ Սամսոնյանի պարագայում։ Սա այլակարծության, այլ տեսակետների, խոսքի նկատմամբ տեռորի հերթական դրսևորումն է»,- ասաց Ա.Սաղաթելյանը։
Ըստ նրա, այս պրոցեսը շարունակական է լինելու. «Սա առաջին դեպքը չէ, ավաղ, կարծում եմ, ոչ վերջինը։ Գնալով էլ ավելի շատ դեպքերի ականատեսն ենք լինելու, որովհետև գնալով էլ ավելի բարձր են բոլոր այն մարդկանց ձայները՝ և քանակությամբ, և հռետորաբանությամբ, որոնք բացարձակ այլ կարծիք ունեն երկրում տիրող վիճակի, գործող իշխանությունների վարքագծի վերաբերյալ»։