Նախորդ 30 տարին ինչպիսի պետականություն է կառուցվել, որ էս 6 տարվա ընթացքում Փաշինյանը քանդում, քանդում, քանդում է, բայց ամբողջությամբ դեռ չի կազմաքանդել․ Աննա Մկրտչյան
ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։ Նա խոստովանեց, որ շատերի նման ակնկալում էր ու հույս ուներ, որ Փաշինյանն այդ ասուլիսի ժամանակ հրաժարական կտա, բայց դա տեղի չունեցավ։ Սա պատգամավորին մտավախության տեղիք է տվել։ Ըստ նրա` դա նշանակում է, որ Փաշինյանը դեռ անելիքներ ունի՝ հանձնելու տարածքներ։
«Նիկոլ Փաշինյանը, ով Հայաստանը մակետ դարձրած՝ արդեն գրպանում պահում է երևի իր մանրադրամների, կոպեկների հետ միասին կամ դրանց փոխարեն, հրատապ ասուլիս անունը կրող միջոցառումը հրավիրեց։ Նախորդ ժամանակահատվածում՝ 1-1.5 տարի առաջ ես անձամբ ու ինձ նման շատերը հույսով լցված ամեն անգամ այդ հրատապ ասուլիսին սպասում էինք, որ լինելու է հրաժարական։ Հիմա, կարծում եմ, ավելի քան ակնհայտ է, որ դա չի լինելու։ Եվ հիմա արդեն վախը սրտներումս սպասում ենք, թե այս անգամ ՀՀ-ից ինչ-որ տարածքներ զիջելն ինչպես է ձևակերպվելու՝ լինելու է թվերո՞վ, կիլոմետրերով, թե՞ հերթական փոքրացող մակետն է մեզ հրամցնելու»,- ասաց Աննա Մկրտչյանը։
Ըստ նրա` այս իրավիճակում մնում է երևի միայն փառք տալ Աստծուն, որ դեռ Հայաստանը գոյություն ունի։
«Մնում է այս իրավիճակում երևի միայն փառք տալ Աստծուն, որ այսպիսի կառավարման բարդակի ու ամենաթողության պարագայում այսքան էլ դեռ ՀՀ-ն դիմակայում է։ Կարծում եմ՝ եզրահանգումս էլ ճիշտ կլինի, թե նախկին 30 տարիներին ինչ պետականություն է կառուցվել, որ այս վեց տարի Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ քանդում, քանդում, քանդում է, բայց դեռ ամբողջությամբ չի կազմաքանդել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։