Մեծ է Ցեղասպանությունը վերապրած երեխաների թողած գրական և հուշագրական ժառանգության դերը
Մարտի 14-ին և 15-ին ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի Վ. Պետրոսյանի անվան հիմնական և Արմավիրի մարզի Հացիկ գյուղի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցների աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Հայոց ցեղասպանությունը երեխաների աչքերով (հուշագրություններ, վկայություններ)» վերնագրով դասախոսությունը: Հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից։
Նարինե Մարգարյանը դասախոսությունների ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության տարիների ամենախոցելի խմբի՝ հայ երեխաների կյանքի տարբեր դրվագներին՝ գաղթի ճանապարհից մինչև թուրքական որբանոցներ, ձուլման վտանգից մինչև վերադարձ հայ ինքնությանը։ Քննարկվեց նաև հայկական և օտարերկրյա կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված որբահավաք գործունեությունը:
Մատնանշվեց նաև Ցեղասպանությունը վերապրած երեխաների ունեցած ներդրումը հայկական սփյուռքի վերաձևավորման, հզորացման գործում, արժևորվեց այդ սերնդի թողած գրական և հուշագրական ժառանգության դերը, որն այսօր ուսումնասիրողների համար սկզբնաղբյուրային նշանակություն ունի։ Դասախոսություններն ավարտվեցին հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: