«Ես չեմ վճարվում՝ ի տարբերություն Ձեզ»․ լրագրողը՝ Արամ Սարգսյանին (տեսանյութ)
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, ով հայտնի է միայն նրանով, որ Սպարապետի եղբայրն է, չցանկացավ պատասխանել լրագրողի այն հարցին, թե՝ ինչպես է կարողանում համագործակցել մի իշխանության հետ, ով, փաստորեն, թաղեց Սպարապետի երազանքը՝ ազատ ու անկախ Արցախը։
Նա եկել էր Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու եղբոր գերեզմանին։ Լրագրողի հարցին, թե Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախի մասին այս իշխանությունն ասում է՝ Արցախն Ադրբեջան է և վերջ, Դուք այս իրողության հետ հա՞շտ եք, Արամ Սարգսյանն արձագանքեց․ «Դա Ձեր տեսակետն է, Դուք ստում եք»։
Խուսափելով ուղիղ պատասխանելուց հարցին՝ նա նախ նշեց, որ իր եղբոր ծննդյան օրը, չի պատրաստվում Եռաբլուրում քաղաքական հարցազրույց տալ։
«Դուք լրագրությունն ու լաչառությունը խառնել եք իրար, անհարմար է»,- ասաց նա՝ նշելով, որ չի խոստացել, որ որևէ մեկին հարցազրույց կտա։
«Ես չեմ ուզում բանավիճել»,- ասաց նա։
Լրագրողը հստակեցրեց, որ ոչ թե բանավիճում են, այլ պարզապես ուզում են իմանալ՝ ինչպես է վերաբերվում նա մի իշխանության, որն ամբողջությամբ «թաղել» է իր եղբոր ազատագրած Արցախը։
«Եղբորս ազատագրած Արցախը «թաղողների» մասին ես ելույթ ունեմ, կարող եք նայել այն և համաձայնել դրա հետ, կամ չհամաձայնել։ Երբ 5 հազար դրամով քո նմանները քվե էին տալիս, ա՛յ, այդ ժամանակ թաղեցին Արցախը»,- ասաց Սարգսյանը լրագրողին։
Վերջինս արձագանքեց, որ երբեք ոչ մեկին քվե չի տվել։
«Էլ չես էլ տալու, որովհետև քեզ վճարում են»,- ասաց Սարգսյանը լրագրողին։
Վերջինս արձագանքեց․ «Ես չեմ վճարվում՝ ի տարբերություն Ձեզ»։