Վճարների, տուրքերի ավելացման պատճառով 800 հազարից մինչև 1 մլն եկամուտ ունեցող ընտանիքների համար բնակարան ձեռք բերելը լինելու է անհասանելի․ Արմեն Սաքապետոյան
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է լսումներ՝ տեղական տուրքերի և վճարների բարձրացման հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ տուրքերի ավելացումն իր ազդեցությունն է թողնում շինարարության ծախսերի, ինչպես նաև վաճառքի գնի վրա։
«Պետք է քննարկել հարցը նաև այս ասպեկտով, թե տուրքերի բարձրացումն ինչ ազդեցություն կունենա անշարժ գույքի շուկայում»,- ասաց պատգամավորը։
Նա առաջարկեց՝ քննարկման առարկա դարձնել նաև պետական տուրքերի վերաբերյալ ռազմավարությունը, եթե իհարկե, կա այդպիսին։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը քննարկմանը ներկայացել էր կազմակերպության կողմից կատարված հաշվարկներով, որոնք բաժանվեցին լսումների մասնակից անձանց։
Գրիգորյանն ընդգծեց, որ կառուցապատողների համար առկա խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ ինստիտուտցիոնալ ու տեղային բնույթի։
«Տեղային բնույթի խնդիրներն են Երևան քաղաքի ավագանու կողմից տեղական տուրքերի և վճարներ սահմանող իրավական ակտերը, որոնք վերաբերում են Երևան քաղաքին։ Կան նաև հանրապետական մասշտաբի խնդիրներ, որոնց հանդիպում են կառուցապատողները թե' Երևանում, թե' դրանից դուրս աշխատանքների իրականացման ժամանակ»,- ասաց Գրիգորյանը։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն իր խոսքում հիշեցրեց՝ ուղիղ մեկ տարի առաջ սկսեց շրջանառվել «Տեղական տուրքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսում էր շինթույլտվության համար նախատեսված գործող տուրքը փոխել։
Նա ընդգծեց, որ տուրքերի, վճարների ավելացումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից սակագների բարձրացման արդյունքում առաջիկայում ունենալու ենք բնակարանների՝ առնվազն 10-15 տոկոսով գների աճ։
«Սա ենթադրում է, որ այն ընտանիքները, որոնք ունեն 800 հազարից մինչև 1 մլն եկամուտ, նրանց էլ այլևս հասանելի չեն լինելու բնակարանները։ Սա է ամբողջ խնդիրը»,- ասաց Ա. Սաքապետոյանն ու ավելացրեց, որ իրավիճակից բխող միջոցառումներ են առաջարկել, որոնց մեծ մասը չի ընդունվել։