Երևանում շենք սարքելու համար ջուրը բերում են Հրազդանից, գազը՝ Աբովյանից․ Տիգրան Հարությունյան
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանի գնահատմամբ, կառուցապատման ոլորտում իրավիճակն ահագնացող է։ Նա այս մասին հայտարարեց համապատասխան թեմայի շուրջ ԱԺ-ում կազմակերպված Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ։
Նա նշեց, որ իրենց ձեռքի տակ ունեն Կադաստրի տվյալներ, որոնց համաձայն նախորդ եռամսյակում ոչ միայն բնակարանների վաճառքների ավելի քան 20 տոկոսով անկում է նկատվում, այլև այն ավելանալու միտում կա։
Տիգրան Հարությունյանն ուշադրություն հրավիրեց նաև հանրային ծառայություն մատուցող ընկերությունների առաջարկած պայմաններին։
Պարզվում է՝ Երևանում կառուցապատում իրականացնելու համար առաջարկում են ջրագիծ բերել Հրազդան քաղաքից։
«Որպեսզի դուք լավ պատկերացնեք՝ ասեմ, որ խոսքը 60-70 կմ հանրապետական նշանակության ճանապարհի երկայնքով, հազարավոր հողերի միջով, բազմաթիվ խնդիրներով Հրազդանից Երևան ջուր բերելու մասին է։ Սա իրականում ոչ մի կառուցապատողի համար հաղթահարելի խնդիր չի»,- ասաց Հարությունյանը։
Մյուս կարևոր էլեմենտը, որի մասին խոսեց Տիգրան Հարությունյանը, ՀԷՑ-ի կողմից բաժանորդ դառնալու գումարը հնգապատիկ ավելացումն է։
Երրորդ կարևոր խնդիրը, ըստ նրա, գազի միացման խնդիրն է՝ բաժանորդ դառնալը։
«Առկա գազատարների հզորությունները, «Գազպրոմ»-ի խոսքով, չեն բավականացնում, և պետք է նոր գազատարներ կառուցվեն, որոնք կառուցվում են Երևանի ծայրամասերում։ Եթե Կենտրոնում շենք ես կառուցում, գազը պետք է բերես մոտավորապես Աբովյանից, Ջրվեժին հարող տարածքից»,- ասաց նա։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում թանկացել են բնակարանները։ Վիճակը պատկերացնելու համար, նա համեմատություն արեց հարևան Վրաստանի հետ, որի մայրաքաղաքում բնակարանը մոտավորապես 60 տոկոսով ավելի էժան է, քան Երևանում։
«Երևանի համեմատ մոտ կես գին արժե Թբիլիսիում։ Սա որպեսզի պատկերացնեք, թե ինչ գնային տարբերություն կա Հայաստանում ու Վրաստանում։ Այս իրավիճակում մենք հստակ տենդենց ենք տեսնում վաճառքների նվազման»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այս ոլորտում առաջացած որևէ խնդիր դոմինոյի էֆեկտով ազդելու է մյուս հարցերի վրա։