«Արտիստը՝ դպրոցին» ծրագիրը այս տարի կշարունակվի. այս տարի ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանն է (տեսանյութ)
ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես է եկել Երևանի երաժշտական և արվեստի 24 դպրոցներում: Առաջին անգամ կյանքի կոչվող ծրագիրը Երևանի քաղաքապետարանի մշակութային հերթական նախագիծն է:
Երկու ամիս տևեցին վարպետության դասերը, անհատական ու խմբային պարապմունքները: Ծրագրին մասնակցեց մշակութային կրթօջախների շուրջ 1000 սան և ուսուցիչ:
Նախագծում աչքի ընկած պատանի երաժիշտները գալահամերգին ելույթ ունեցան արտիստի՝ Հայկ Մելիքյանի հետ նույն բեմում՝ ունենալով նույն հույզերն ու զգացողությունները:
«Արտիստը՝ դպրոցին» նախագիծը քաղաքի մշակութային քաղաքականության կարևոր ձեռքբերումներից է, որը կշարունակվի նաև այս տարի: Հաջորդը ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանն է. օպերային երգիչը պատրաստ է փոխանցել իր փորձն ու մասնագիտական գաղտնիքները:
2024թ. քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել նաև լարային, ազգային, փողային նվագարանների վարպետության դասեր և համերգային ծրագրեր: