Հազարամյա հայ ժողովրդից պոկված դեգեներատ զանգվածը ծամում է Վիկտոր Համբարձումյանի արձանն ու գերեզմանաքար դնում Հայաստանի վրա

Համացանցում հայտնվել է աշխարհահռչակ գիտնական, ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի նմուշը, որն, ըստ տարածված լուրերի, առաջիկայում նախատեսվում է տեղադրել Վանաձորում։ Բազմաթիվ օգտատերեր, այդ թվում նաև` մասնագետներ, իրենց վրդովմունքն են արտահայտել ներկայացված արձանի առնչությամբ՝ նշելով, թե այն անարգում է մեծանուն հայորդու կերպարը։
Առհասարակ մի հարց եմ ուզում հնչեցնել՝ դուք քայլե՞լ եք այգիներում, կամ հենց մայրաքաղաք Երևանում, տեսե՞լ եք՝ ինչ արձաններ են տեղադրված․ մեկը մյուսից անճաշակ, անտաղանդ ու տվյալ գործչին անհարիր արձաններ, որոնց տեղն իրականում աղբամանն է։ Իհարկե, կան նաև հաջողված գործեր, բայց հիմա խոսքն ամենևին էլ դրա մասին չէ։
Խնդիրն այն է, որ Վիկտոր Համբարձումյանի արձանի շուրջ քննարկումները գուցե ադեկվատ ու ընդունելի լինեին, եթե դրանք արվեին մի ուրիշ ժամանակաշրջանում, կամ եթե, օրինակ, Վիկտոր Համբարձումյանի արձանի փոխարեն տեղադրվեր, ենթադրենք, հակահայ մի գործչի արձան, ինչը մեր օրերում ու հատկապես գործող իշխանության պարագայում շատ հավանական է։ Սակայն այսօր, երբ կանգնած ենք լինելիության խնդրի առաջ, երբ թշնամին Արցախն իր համար «բարով-խերով» արած, եկել հասել է Սյունիք ու աչքը դրել է Հայաստանի տարածքների վրա, երբ Բաքուն հայտարարել է, որ Երևանից պահանջում է չմեծացնել ռազմական ներուժը, ամենայն հավանականության, հեռահար նպատակներ ունենալով տարածքի հետ․․․ մի խոսքով, երբ կանգնած ենք երկիրը կորցնելու շեմին, մարդիկ քննարկում են ոչ ավել-ոչ պակաս Վիկտոր Համբարձումյանի արձանի կարճ ու բարձր լինելու հարցը։
Շատ լուրջ թեմա՝ հերթական անգամ իրականությունից կտրվելու և շեղվելու համար։
Չեմ սիրում այդ բառն օգտագործել, բայց այս պարագայում չկա դրա համարժեք որակում, և պետք է խոստովանել, որ զոմբիացած հասարակությունը կամ գոնե այդ հասարակության ինչ-որ շերտ, ոռնալով, անմարդկային ու անբնական ձայնով, ձեռքերը վեր բարձրացրած` բռնում է իրենց ուղղված խայծը, կուլ տալիս այն ու կրկնում իրեն նետված բառակապակցությունները՝ «արձանը կարճ է», «դիտավորություն է», «իրեն նման չէ», «ֆլան-ֆստան», «քարը հաջող չէր»... Ախր շուտով այդ ու էլի շատ նման քարեր ձեր գերեզմանների, չէ՝ ավելի ճիշտ գերեզման էլ չեք հասցնելու ունենալ ու հենց Հայաստանի վրա է դրվելու՝ թշնամի թուրքի ու ներքին թուրք դավաճանի թեթև ձեռքով։
Չկա ոչ մի զայրույթ՝ տեղի ունեցածի համար, պայքար՝ եղածը փրկելու համար, ընդվզում՝ դավաճանության մեջ մեղադրվող իշխանությանն ու մասնավորապես թիվ մեկ մեղավոր-պատասխանատուին հեռացնելու համար։ Էլի՞ թվարկենք...
Հազարամյա հայ ժողովրդից պոկված ու դեգրադացիայի ենթարկված զանգվածը, հիմա էլ քննարկումներով իշխանությանն օգնում է շեղել բոլորին օրակարգային թեմաներից՝ հայրենիքը վերջնականապես տանելով ոչնչացման։
Սա է մնացել ազգային պատկերից, որին հասցրել է գործող իշխանությունը․ դեգեներատ, անատամ, «տիգռովկա» ու ռուստամ-ռոստոմ-գնելային բլոգներ՝ սա է պատկերը։
Այլ կերպ ասած՝ նույն զանգվածը ծամում է Վիկտոր Համբարձումյանի արձանն ու գերեզմանաքար դնում Հայաստանի վրա։
Արմինե Մկրտումյան