ԱՄՆ Պետդեպը՝ Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցի մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյան հետ: Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է հետևյալը․
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Հայաստանին ու Ադրբեջանին ընձեռված պատմական հնարավորությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում։ Պետքարտուղարն առաջարկեց Միացյալ նահանգների աջակցությունը տարածաշրջանի տրանսպորտային ու կոմունիկացիոն ուղիների հարցում։ Պետքարտուղարը խրախուսեց շարունակական երկխոսությունը և ողջունեց օրերս Թբիլիսիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Նա նաև վերահաստատեց աջակցությունը ԵՄ միջնորդությամբ ընթացող արդյունավետ քննարկումներին և նշեց, որ 1994թ․-ից Միացյալ նահանգները եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և պատրաստ է տևական և համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ ներգրավվելով երկկողմ ձևաչափով և նույնակերպ մտածող գործընկերների հետ:
Պետքարտուղար Բլինքենը նաև գոհունակություն հայտնեց Վարչապետին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական քայլերի ու կոնկրետ պայմանավորվածությունների վերաբերյալ»»: