Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կհասկանանք՝ կորոնավիրուսի ալիքն ունի՞ տարածվելու միտում, թե՞ ոչ․ Ավանեսյանը կոչ է անում պատվաստվել (տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրոսի աճը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ, որը տեղի է ունենում վերջին 1-2 ամսում։ Այս մասին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք կանխատեսում էինք, որ վարակի ներթափանցում կլինի, զգոն կերպով հետևում ենք, առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհասկանանք՝ արդյո՞ք ալիքն ունի ավելի տարածվելու միտում, թե՞ գնում ենք կայունացման»,- նշեց Ավանեսյանը։
Նա վստահեցնում է, որ եթե համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճան, որ կարիք լինի սահմանափակումների, նախարարությունը կգնա այդ քայլին, բայց այս պահին, Ավանեսյանի գնահատմամբ, նման իրավիճակ չկա:
«Մեր խորհուրդն է, որ բժշկական կենտրոններ այցելելիս անպայման կրեք դիմակ, ռիսկային միջավայր է», - ասաց Ավանեսյանը:
Նա կոչ արեց մինչև սեպտեմբեր ամիսը ստանալ նաև կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափը: