Ե՞ս պետք է գնամ այնտեղ նայեմ, տեսնեմ` այդպես է, թե չէ․ որ դուրս գաք, ման գաք, պտտվեք, կտեսնեք, թե ինչքան խնդիր կա․ քաղաքապետ
«Համագործակցել ենք վարչական շրջանի հետ, բետոնը քանդել ենք, իսկ եզրաքարերը տեղադրելու պատրաստակամություն է հայտնել վարչական շրջանի ղեկավարը, և աշխատանքներն ընթացքի մեջ են: Անդրադառնալով Կոմիտասի պողոտայի, Վաղարշյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկներում մոդելավորման ծրագրով նախատեսված երթևեկության փոփոխության վերաբերյալ հանձնարարականի կատարմանը՝ այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տրանսպորտի վարչությանը պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։
Երևանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանին պատասխանը չգոհացրեց․ «Այսինքն՝ պատրաստակամություն հայտնելը ո՞րն է, ընթացքի մեջը ո՞րն է, արդեն մի երեք շաբաթ է՝ արված է, երեք շաբաթ է՝ քանդած է, 5 հատ բորդյուր պետք է դնեք և քանդած բետոնի շինաղբն էլ այդտեղից մաքրեք, ո՞ւմ ենք սպասում, Արաբկի՛ր վարչական շրջան»,-վարչական շրջանի ղեկավարին դիմեց քաղաքապետը:
Վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հայտնեց, որ այդ պահին ինֆորմացիային չի տիրապետում, կտեղեկանա և լրացուցիչ կզեկուցի Սարգսյանին:
«Ե՞ս պետք է գնամ այնտեղ նայեմ, տեսնեմ՝ այդպես է, թե չէ: Կանաչապատմանն էլ է վերաբերում, չորացած բույսեր էլ կան, դրանք հանեք, մնում են որ ի՞նչ: Վարչական շրջանների ղեկավարներին էլ է վերաբերում, որ դուրս գաք, ման գաք, պտտվեք, կտեսնեք, թե ինչքան խնդիր կա: Անցած օրը Կոմիտասից այդպես իջնում էի, մանր-մունր լիքը խնդիրներ կային»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:
Նրան նաև հետաքրքրեց, թե փոքր աղբամաններում տոպրակներ չե՞ն դրվում և ստանալով պատասխան, որ երբևէ չի դրվել, բայց Հյուսիսային պողատայում սկսել են արդեն դնել՝ ասաց. «Ամբողջ քաղաքով դրեք, նորմալ չէ, երբ մեր աշխատողը կռանում է, ձեռքով աղբը հատ-հատ հանում է, մեծ մեշոկի մեջ է դնում, պատկերացնո՞ւմ եք դրա արդյունավետությունը՝ ժամանակի առումով:
Ոչ միայն Հյուսիսային պողոտայում, այլև ամբողջ քաղաքում դրեք այդ մեծ տոպրակները, որի մեջ կլցնեն աղբը և դրանց մաքրման աշխատանքներում էլ ոչ թե ձեզ պետք կլինի 10 հոգի, որ այդպես քուջուջ անեն աղբը գցեն մեծ ամանի մեջ, այլ պետք կլինի պայմանական ասած՝ 5 հոգի, պետք չէ դրա վրա խնայել»,-ասաց նա։