Ի՞նչ կարող է անել նախագահն այս փուլում, բացի հրամանագրի ստորագրումից. պարզաբանում է իրավաբանը
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Օնիկ Գասպարյանի ազատման հետ կապված Հանրապետության նախագահի գործառութային լիազորությունների մասին:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ։
Վերոնշյալ հարցերով հրամանագրերի ստորագրման համար Սահմանադրությունը նախագահի համար նախատեսել է 3 օրյա ժամկետ։
Ն․ Փաշինյանի առաջարկությունը նախագահի կողմից ստացվել է 25.02.2021 թվականին։ Սա նշանակում է, որ 28.02.2021 թվականը Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ստորագրման վերջնաժամկետն է։
Ի՞նչ կարող է անել Հանրապետության նախագահն այս փուլում, բացի հրամանագրի ստորագրումից.
Սահմանադրության 139-րդ հոդվածը Հանրապետության նախագահին լիազորում է առաջարկության հետ համաձայն չլինելու դեպքում համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել Ն․ Փաշինյանին:
Նախագահն այս փուլում Սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունի:
Նա կամ պետք է ստորագրի համապատասխան հրամանագիրը, կամ այն առարկություններով հետ վերադարձնի։
Եթե Ն․ Փաշինյանը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը կամ պետք է ստորագրի Օ․ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը կամ պետք է դիմի Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարան դիմելու նախագահի լիազրությունը ծագում է միայն Ն. Փաշինանի կողմից նախագահի ներկայացրած առարկությունը ընդունելու դեպքում:
Վերջնաժամկետին՝ 28.02.2021 թվականին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ունի ընդամենը 2 քայլի հնարավորություն՝ ստորագրել Օ․Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանագիրը կամ այն առարկություններով վերադարձնել Ն․ Փաշինյանին»: