Այն, ինչ այսօրվա ուղերձում Ալիևն ասում էր իր ժողովրդին ու հայերին, ավելի ծանր ապտակ էր, քան ՀՀ վարչապետին ուղղված նրա հայտնի տեսաուղերձը. Վրույր Թադևոսյան
Լրագրող Վրույր Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
#ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Այն, ինչ այսօրվա ուղերձում Ալիևն ասում էր իր ժողովրդին ու հայերին, ավելի ծանր ապտակ էր, քան ՀՀ վարչապետին ուղղված նրա հայտնի տեսաուղերձը: «Քելբաջարի հարուստ բնությունն ու ջրային բնական պաշարները վերադարձվեցին մեզ` իսկական տերերին...»: Շատ մոտ ապագայում, երբ խմելու ու ոռոգման ջրի լուրջ պակասորդ կզգաք, երբ կզգաք այն նույն ամենօրյա սարսափը, որով ապրում են Տավուշի սահմանամերձ գյուղերի ժողովուրդը, երբ մի խաղաղ առավոտ Գորիսի դպրոցում նստած աշակերտների վրա կրակ կբացի թշնամին... կհասկանաք, որ պետություն չունենք էլ:
Ամենաստրատեգիական բարձունքները, ոսկու, ջրի ածուխի ամենահարուստ բնական պաշարներով հողերը տվեցինք Ադրբեջանին:
«...Նրանք մտածում էին, թե իրենց սատարողները հավերժ պաշտպանելու են իրենց, գալու են ու իրենց փոխարեն պատերազմ վարեն: Նրանք առհասարակ մտածում են, թե ամբողջ աշխարհն իրենց պարտական է: Եվ այդ վնասակար ու հիվանդ մտածելակերպով նրանք ուզում են երկիր կառավարել, ասես` ինչ որ մեկը գալու է և օգնի իրենց: Իսկ դուք` ինքներդ, ինչի՞ եք ընդունակ»,- Ալիևի խոսքը` հայերի մասին: Եվ իդեպ` նա համառորեն մեզ «դուշման»` «թշնամի» է անվանում: Իսկ մենք համառորեն շարունակում ենք թշնամի որոնել մեր ներսում, առանց սթափվելու և ինքներս մեզ հաշիվ տալու, թե ինչ կորցրինք...
Տները կվերականգնվեն, անտունները կտուր կգտնեն պատսպարվելու, սոված մանուկ չի մնա, գիտեմ: Ու սեփական փորձով եմ ասում` կորցրած մանկությունը մի օր փաթեթով նվեր կստանաք, ձագեր, բայց երկրի համար կռիվը դեռ արյուն կտանի, որովհետև դավաճան կոչվածներն ու ներքին թշնամիները դեռ անպատիժ են»: