Մենք տեղյակ չենք եղել Բագրատյանի ցանկության մասին․ հնարավորություն էլ չկա իր հետ խոսելու` խորապես անհասանելի է․ Իվետա Տոնոյան
Լայն առումով մեկնաբանելու որևէ բան չկա, քանի որ մենք տեղյակ չենք եղել պարոն Բագրատյանի այդ ցանկության մասին և որևէ կերպ նա խմբակցությանը տեղյակ չի պահել իր մտադրությունների մասին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սերգեյ Բագրատյանի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու գրությանը։
«Մենք մամուլից ենք տեղեկացել։ Չեմ կարող ասել, թե պարոն Բագրատյանի որոշման հիմքում ինչ դրդապատճառներ կամ շարժառիթներ են եղել և ֆիզիկական հնարավորություն էլ չկա իր հետ խոսելու, որովհետև պարոն Բագրատյանը խորապես անհասանելի է»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Հարցին, թե չեք էլ ենթադրում, թե ինչը կարող է պատճառ հանդիսանալ Սերգեյ Բագրատյանի կողմից նման որոշման կայացման, Իվետա Տոնոյանը պատասխանեց․ «Չեմ կարող հիմա ենթադրություններ կամ վարկածներ բարձրաձայնել, թե հատկապես ինչու է պարոն Բագրատյանը նման որոշում կայացրել։ Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլինի, որ պարոն Բագրատյանը ինքն անձամբ խոսի իր որոշման շարժառիթների մասին»։