Առուն թռեք, նոր հոպ ասեք
Ուղիղ մեկ տարի Սահմանադրական դատարանի վրա իշխանական բոլոր կողմերի հարձակումներն այսօր հասան իրենց տրամաբանական ավարտին՝ ըստ հարձակվողների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տոնում են իրենց հաղթանակը, որովհետև հասել են իրենց մուրազին՝ դարձյալ՝ ըստ իրենց:
Վարչապետն ուրախությունից գլուխն այն աստիճան է կորցրել, որ մի հատ էլ ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ Աժ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։ Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։
Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից»:
Մի կողմ թողնենք այն, որ գործադիրի ղեկավարը հերթական անգամ խառնվել է իրենից անկախ իշխանության ճյուղի գործերին ու դրանով հանդերձ ցույց տվել իր անմիջական հովանավորչությունը, բայց խնդիրն այստեղ ավելի խորքային է, որովհետև գործ ունենք իրավական անգրագիտության հետ և դրա հետևանքով հերթական անգամ իշխանությունը իրեն բերել կանգնեցրել է փաստի առաջ:
Եթե իշխանությանը թվում է, որ Ազգային ժողովում մեկ օրվա ընթացքում փոխված Սահմանադրությունն անմիջականորեն ուժի մեջ է մտնում, ապա չարաչար սխալվում է:
2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ նախատեսված չէ Սահմանադրության նորմերի անմիջական գործողությունը, ինչը կար 1995 և 2005թթ. խմբագրությամբ Սահմանադրությունների մեջ, այնպես որ պահանջել այժմ անմիջկանորեն գործողություն, նվազագույնը վկայում է իրավագիտությունից գիտելիքների բացակայության մասին:
2015թ. Սահմանադրության մեջ չկա տող այն մասին, որ Սահմանադրությունը անմիջական ուժ ունի, դրա համար այն դեռ պետք է հստակեցվի օրենքներում, իսկ այդ ժամանակ Սահմանադրական դատարանի դատավորները շարունակում են պաշտոնավարել:
Այնպես որ Սահմանադրությունը իրավական ցանկացած պետության դեպքում չի կարող մեկնաբանվել Արդարադատության նախարարի հարցազրույցների տեսքով ու բանավոր խոսքով ու չի կարող բանավոր ասվածի հիման վրա, կամ ստատուսի մակարդակում արված գրառումը, պարտադիր իրավաբանական ուժ ունենալ Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների վրա:
Գործող իշխանությանը և «Իմ քայլի» իրավաբանության գիտակներին ևս մեկ անգամ պետք է հիշեցնել, որ Հայաստանում կա միայն մեկ պետական մարմին, որը կարող է Սահմանադրությանը պարտադիր ուժ ունեցող մեկնաբանություններ տալ և դա Սահմանադրական դատարանն է։
NewsPress.am