Ոստիկանները հայտնաբերել են 23-ամյա ՀՀ ՊՆ ծառայողին, ով Mercedes-ով կրկնակի վրաերթի էր ենթարկել հետիոտնին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 48 CC 400 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է կայքը, նշված ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Գոշ Սարգսյանը, ով կասկածվում է մարտի 1-ին Խանջյան փողոցի 11 հասցեի մոտ մեկ այլ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկելու մեջ, որից հետո Գ. Սարգսյանը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Օրեր անց ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի (բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ՀԿԳ ավագ քննիչ Գ. Գալստյանի) գլխավորությամբ) ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների աարդյունքում հայտնաբերել են Գ. Սարգսյանին և Mercedes-ը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Սարգսյանը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին, մարտի 1-ին մահվան ելքով վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: